Ուկրաինայում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմակատար Անդրեյ Վորոբյովը հուլիսի 18-ին կանչվել է ուկրաինական ԱԳՆ՝ նախորդ օրը Ազովի ծովում ռուս սահմանապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Կիեւը պահանջում է բազմակողմանիորեն հետաքննել ուկրաինացի քաղաքացիների մահվան հանգամանքները, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի սահմանային ծառայության ափամերձ պահպանության մոտորանավակը հուլիսի 17-ին Ազովի ծովում բախվել է ուկրաինական ձկնորսական նավակի, ինչի արդյունքում երկու ուկրաինացիներ են զոհվել, եւս երկուսին որոնում են, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ռուսլան Դեմչենկոն խոր անհանգստություն է հայտնել՝ «կապված ռուս սահմանապահների գործողությունների հետ, ինչի արդյունքում ողբերգական հետեւանքներ են գրանցվել», ինչպես նաեւ ռուսական դեսպանության ներկայացուցչին նոտա են հղել:
Ի պատասխան՝ ռուս դիվանագետը ցավակցություն է հայտնել միջադեպի առնչությամբ եւ հավաստիացել, որ Ռուսաստանի կողմից կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ միջադեպի հանգամանքները ինչպես հարկն է հետաքննելու համար:




























