Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, ի դեմս՝ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, եւ McKinsey & Company միջազգային խորհրդատվական ընկերությունը, ի դեմս՝ ղեկավար Անդրե Անդոնյանի, այսօր՝ հուլիսի 18-ին համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի օդային փոխադրումների մրցունակության բարձրացման ծրագիր մշակելու համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Խաչատրյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգը, իսկ McKinsey & Company-ի խնդիրն է առավել առարկայական մեխանիզմներ ներկայացնել:
McKinsey & Company ընկերության ղեկավար Ա. Անդոնյանը (նա նաեւ ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ է) նշեց, որ ծրագիրը կներկայացնեն 8 շաբաթից, դրա մշակման համար ներգրավված են առաջատար մասնագետներ տարբեր երկրներից: Ծրագիրը մշակելիս առավելագույնը կօգտագործեն այլ երկրների փորձը, հատկապես Չիլիի եւ Պերուի:






























