Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի դերակատարությունը տարածաշրջանում եւ մեր երկրին տարիների ընթացքում ցուցաբերված օժանդակությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերսթսեի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

ԱԺ մամուլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են երկկողմ կապերի ակտիվացումը եւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում հանձնակատար Անթիե Լեենդերսթսեն կարեւոր է համարել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Լամմերթի` խորհրդարանների միջեւ փորձի փոխանակում իրականացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը եւս մեկ քայլ է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, կարեւորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Զրուցակիցները խոսել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներից, մասնավորապես անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: