ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին մամուլի հրապարակումներից հետո գերմանակա Գրիսհայմ քաղաքի 28-ամյա բնակիչ Դանիել Բանգերթը դարձել է Էդվարդ Սնոուդենի կողմնակիցը:
Հուլիսի սկզբին Բանգերթը Facebook սոցիալական ցանց է հրավիրել բոլոր նրանց, ովքեր կցանկանան հուլիսի 13-ին զբոսնել ռազմական հետախուզության համալիրի շրջակայքում, որպեսզի «իրենց աչքերով տեսնեն Ազգային անվտանգության գործակալության լրտեսներին», հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Չորս օր անց գիշերը Բանգերթին է զանգահարել ոստիկանության մի սպա եւ սկսել է հարցաքննել նրա պլանների եւ քաղաքական հայացքների մասին: Ոստիկանների հետ հանդիպման նա գնացել է շապիկով, որի վրա եղել է Սնոուդենի նկարը եւ գրություն. «Սնոուդենի թիմը» վերտառությամբ:
«Անսպասելիորեն ես բախվեցի մի ողջ պետական մեքենայի, այնուհետեւ տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, բայց արդեն հատուկ ծառայությունների գործակալի հետ, որն ուզում էր իմանալ, թե ես քաղաքական ակտիվի՞ստ եմ եւ կապեր ունե՞մ ձախ ծայրահեղականների հետ»,-ասել է Բանգերթը:
Գերմանիայի ոստիկանության փոխանցմամբ՝ Բանգերթի պլանների մասին իրենց հաղորդել է ամերիկյան ռազմական ոստիկանությունը, որը հայտնաբերել է նրա հաղորդագրությունները համացանցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























