Ամերիկահայ քաղաքացիական, եկեղեցական եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարները ԱՄՆ կառավարությունում մասնակցել են Պետքարտուղարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Սիրիային մարդասիրական օգնություն հատկացնելու հարցերին նվիրված խոհրդակցությանը: Այս մասին հայտնում է Հայ դատի ամերիկայի հանձնախումբը:
Խորհրդակցությունը տեղի է ունեցել Պետքարտուղարությունում, եւ տեսակոնֆերանսի միջոցով դրան մասնակցել են նաեւ հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավարները բարձրացրել են ամերիկահայերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր` հրատապ հումանիտար օգնության հետ կապված:
Հայ համայնքի ղեկավարները մասնավորապես բարձրացրել են մարդասիրական բույթի հետեւյալ առաջնահերթությունները. Սիրիայի բոլոր շրջաններում, այդ թվում` հայերով եւ մյուս քրիստոնյաներով բնակեցված Հալեպում ապահովել հավասարակշռված հումանիտար օգնություն, դադարեցնել քաղաքացիական բնակչության հումանիտար շրջափակումը, Հայաստանի կառավարությանն ու ոչ կառավարական կազմակերպություններին լրացուցիչ օգնություն տրամադրել` Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու համար, օգնություն ցուցաբերել Լիբանանում հայ եկեղեցուն եւ բարեգործական կազմակերպություններին, որոնք բավարարում են սիրիացի փախստականների մարդասիրական կարիքները:




























