Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են Ջոհար Ցարնաեւին ձերբակելելու լուսանկարները, որին կալանավորել են այս տարվա ապրիլին Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու եւ իրականացնելու կասկածանքով:
Մասաչուսեթս նահանգի ոստիկանության սպա Շոն Մերֆին, վրդովված, որ Rolling Stone ամսագիրն իր նոր համար շապիկին տեղադրել է Ջոհար Ցարնաեւի լուսանկարը, նրա ձերբակալման լուսանկարները փոխանցել է Boston Magazine ամսագրին: Ոստիկանի կարծիքով՝ Ցարնաեւի կերպարը վիրավորում է զոհերի հիշատակը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մերֆիի տրամադրած լուսանկարներում երեւում է, թե ինչպես է Ցարնաեւը դուրս գալիս իր թաքստոցից՝ մոտորանավակից: Նրա գլուխը կախ է, իսկ հագուստը արյունոտ: Մյուս լուսանկարներում Ցարնաեւի ճակատին եւ դեմքին կարմիր կետեր են երեւում՝ լազերային դիպուկահարի զենքից:
Իր հերթին, գերատեսչությունը, որտեղ աշխատում է Շոն Մերֆին, հայտարարել է, որ իրենք թույլ չեն տվել հրապարակել այդ լուսանկարները եւ մտադիր են պատժել Մերֆիին:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին զոհ է դարձել երեք մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էին: Ահաբեկչությունները կազմակերպելու մեջ կասկածում են երկու եղբայրների՝ Ջոհարին եւ Թամերլանին: Ավագ եղբայրը՝ Թամերլանը սպանվել է ապրիլի 19-ին Ուոթերթաուն քաղաքում ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում:





























