Դեթրոյթի քաղաքային իշխանությունները սնանկացման հայտ են ներկայացրել: Սա ԱՄՆ-ում վարչական միավորման սնանկացման խոշորագույն դեպքն է: Քաղաքի պարտքը կարող է հասնել 18,5 մլրդ դոլարի: Քաղաքային բյուջեի պակասուրդը 380 մլն դոլար է:
Սնանկացման գործընթաց սկսելու մասին դիմումը ներկայացվել է Սնանկացման հարցերով ԱՄՆ-ի դաշնային հատուկ դատարան: Նման նախաձեռնության հեղինակը քաղաքի ճգնաժամային կառավարիչ Քեվին Օրրն է եղել: Նա փորձել է պայմանավորվել Դեթրոյթի վարկատուների հետ՝ պարտքային պարտավորությունների կրճատման հարցի շուրջ, սակայն ապարդյուն, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Դատարանի կողմից քաղաքի սնանկացումը ճանաչվելու դեպքում քաղաքի գույքը աճուրդի կհանվի՝ պարտքերը մարելու համար:
Բարաք Օբամայի աշխատակազմից հայտնել են, որ ուշադիր հետեւում են Դեթրոյթի իրադարձություններին:
Դեթրոյթն ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոնն է համարվում: Քաղաքում են գտնվում «մեծ եռյակի»՝ GM, Ford եւ Chrysler ընկերությունների գրասենյակները:





























