ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառում 2016թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:

«Ես կարող եմ երջանիկ մեռնել, քանի որ երբեք չեմ եղել ԱՄՆ-ի նախագահ: Սակայն դա չի նշանակում, որ չեմ մասնակցելու ընտրություններին», - ասել է նա GQ ամերիկյան ամսագրի հետ հարցազրույցում:

Սպիտակ տան աշխատակազմի երկրորդ անձն ընդգծել է, որ որոշումը մի քանի գործոններով կլինի պայմանավորված, գրում է NEWSru.com-ը:

«Նախ՝ կունենամ արդյոք այնքան ուժ եւ էներգիա, ինչպես հիմա: Երկրորդ՝ արդյոք ինձ լավագույն թեկնածուն կհամարեմ»,- ասել է Բայդենը:

Խմբագրությունն իր հերթին նշում է, որ Բայդենը կառաջադրվի, եթե դա չանի մեկ այլ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

Բայդենն այժմ 70 տարեկան է, երկու անգամ մասնակցել է նախագահական մրցապայքարին՝  1988 եւ 2008թթ. եւ երկու դեպքում էլ պարտվել: