Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հուլիսի 18-ին, շնորհավորել է այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը եւ շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը:

Ընտրված 25-ից ավելի ստեղծագործություններից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայումս զարդարում են դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի եւ դեսպանատան կայանատեղի երկայնքով: Այնտեղ Հայաստանի բնապատկերների հետ կողք-կողքի ներկայացված են նաեւ ամերիկյան բնապատկերներ:

Լուսանկարների ընտրության համար դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով «Հայաստանը եւ շրջակա միջավայրը» թեմայով լուսանկարիչների մրցույթ անցկացվեց: Ներկայացվել էին ավելի քան 300 լուսանկարներ: Լուսանկարներից բացի՝ վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր եւ թեւավոր խոսքեր: Իսկ նկարիչների  ստեղծագործությունները ընտրվել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Հիմնադրամը տեղական բնապահպանական կազմակերպություն է, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման վերաբերյալ իրազեկվածությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործակցում է մի շարք հայկական կազմակերպությունների հետ, որոնք կանաչ միջավայրի ջատագովներ են եւ կարեւորում են ծառատունկերը, երեխաների բնապահպանական կրթությունը եւ շրջակա միջավայրի հետ կապված այլ հարցեր: Դեսպանատան պարսպապատի երկայնքով տեղադրված վահանակները յուրօրինակ հիշեցում կլինեն բոլոր համար եւ՛ այն մասին, թե ինչքան գեղեցիկ է մեր մոլորակը, եւ՛ այն պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու հարցում մեր բոլորի ունեցած  պարտավորության ու պատասխանատվության մասին: