Հայկական կողմը միտումնավոր ձգձգում է բելառուսական տրակտորների համար վճարումը: Այս մասին TUT.BY-ին հաղորդել է իր աղբյուրը` մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, Բոբրույսկի տրակտորի գործարանին դատի են տվել տրակտորները ներմուծելիս չվճարելու համար: Ընդ որում նա նշել է, որ պատմությունն ուռճացրել են տեղի ընդդիմադիր լրատվամիջոցները: «Գումարն այնքան էլ մեծ չէր եւ հնարավոր էր պայմանավորվել նաեւ առանց աղմուկի»,-հայտարարել է նա:

«Ժամանակ» պարբերականը հաղորդել էր, որ գործարանը դատի է տվել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալին` ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չի վճարել երկիր ներմուծված տրակտորների դիմաց:

«Ժամանակ». Բելառուսական ընկերությունը դատի է տվել ԲՀԿ-ական նախկին փոխնախարարին

Ըստ պաշտոնական դիմումի` Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Հայաստան ներմուծել «Բելառուս-311» մակնիշի 9 կոմպլեկտներ, որոնց ընդհանուր գումարը 84 հազար դոլար է: «ՀՀ կառավարության անդամների հանդեպ բարձր վստահության» շնորհիվ ներմուծումն ավարտվել է հունիսի 19-ին` պայմանավորվելով, որ վճարումը կարվի 10-օրյա ժամկետում: Սակայն գործարանը մինչ օրս չի ստացել նշված ամբողջ գումարը: Պարտքը կազմում է 50 հազար դոլար:

Վարդան Կարապետյանը հայկական լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ գումարի մի մասը չի վճարվել արտադրանքի անպետքության պատճառով, եւ բելառուսական կողմին դա նախապես ասվել է:

 «Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված անպետք արտադրանքը մեքենաների սխալ հավաքման հետեւանք է: Բելառուսական գործարանն այնտեղ սպասարկման կենտրոն չունի Բայց եթե անհրաժեշտություն է լինում, մասնագետներ են հրավիրվում եւ տեղում հարցերը լուծվում են: Սակայն բելառուսական կողմը նախ ցանկանում է ստանալ տրամադրված տեխնիկայի ամբողջական գումարը», - ասել է զրուցակիցը:

TUT.BY-ը նաեւ նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անդամ է Վարդան Կարապետյանը, «գլխավորում է տեղացի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, որի հրավերով Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ այցելել է Հայաստան: Ծառուկյանը բիզնեսի փայատեր է նաեւ Բելառուսում: Նա Բելառուսի նախագահի գործերի կառավարման կառույցներից մեկի հետ հայկական կոնյակի շշալցմամբ է զբաղվում»: