Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ստացել է Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստր արված հարցման պատասխանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նա նշեց, որ փաստաթղթի բովանդակությունը չեն կարող բացահայտել, քանի որ դա իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է: Իրենք այդ փաստաթուղթը ուղարկել են Գլխավոր դատախազություն, դատախազությունն էլ այն ուղարկել է ոստիկանություն:
Մամուլի քարտուղարը նշեց, որ «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունը առկա չէ, որեւէ լիազորագիր նրա անունից չկա:
Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության:
Ավելի վաղ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել էր առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:





























