ԱՄՆ իշխանությունները վերանայում են գաղտնի տեղեկատվության հասանելիության կարգը՝ ապագայում տեղեկատվական արտահոսքը կանխելու համար, որը վերջերս տեղի էր ունեցել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենի մեղքով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էշթոն Քարթերը հայտարարել է, որ, մասնավորապես, ներմուծվում է կարեւոր տեղեկատվությունը մաս-մաս՝ առանձին համակարգչային սերվերներում պահելու կանոնը:
Ուժի մեջ կմտնի նաեւ այսպես կոչված երկու անձի կանոնը, երբ տվյալ փաստաթուղթը կարելի է դիտել միայն հատուկ ծառայությունների մեկ այլ աշխատակցի թույլտվությամբ: Նման կարգով են գործում, մասնավորապես, ամերիկյան միջուկային ռազմական օբյեկտները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ասպենում կայացած անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում Քարթերը նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են գնահատել Սնոուդենի պատճառած վնասը: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով, նա կարող էր 200-ից մինչեւ մի քանի հազար գաղտնի փաստաթղթեր ներբեռնել:
30-ամյա Էդվարդ Սնոուդենը ԱԱԳ-ում աշխատելիս զբաղվել է էլեկտրոնային հետախուզությամբ: ԱՄՆ-ից փախչելով՝ նա լրատվամիջոցներին պատմել էր այդ գերատեսչության կողմից իրականացվող լրտեսումների մասին:
Միաժամանակ, ամերիկյան 60 կազմակերպոթյուններ դիմել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ էլեկտրոնային սերվերներից օգտվողների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մասին պետական գործակալություններից ստացվող հարցումների թափանցիկությունն առավելագույնս ապահովելու խնդրանքով:




























