Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հուլիսի 18-ին Երեւան է ժամանել ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարել է ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ հումանիտար հարցեր:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկուստեք կարեւորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին, Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:
Երկուստեք կարեւորվել են քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Այցի շրջանակներում դեսպան Անթիե Լեենդերթսեն հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ:





























