ՎԶԵԲ-ը Հայաստանին 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ կտրամադրի՝ Երեւանում ջրամատակարարման բարելավման համար:

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը: Նա բարձր է գնահատել համագործակցության արդյունավետ ռազմավարությունը, որն ուղղված է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը եւ մասնավոր հատվածի զարգացմանը:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան պաշտոնավարման ընթացքում, ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության հաջող ընթացքից եւ անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման եւ մի շարք այլ ծրագրերին:

Չակրաբարտիի խնդրանքով՝ վարչապետն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի  հետեւանքով Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակին, ներկայացրել տնտեսության զարգացման հեռանկարները եւ մարտահրավերները: Որպես ճգնաժամից քաղած դասեր կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը եւ բարեփոխումներին նոր թափ հաղորդելը:

ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները եւս:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, եւ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր` Երեւանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ: Ստորագրվել է նաեւ Ծրագրի համաձայնագիր` Երեւանի քաղաքապետարանի, «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ: Փաստաթուղթն ստորագրել են Երեւանի քաղաքապետարանի անունից` քաղաքապետ  Տարոն Մարգարյանը, «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության անունից` ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը եւ ՎԶԵԲ-ի անունից` բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երեւանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երեւանի ջրային համակարգի օպերատոր` «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից եւ աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը եւ նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաեւ տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր: