Մեծ Բրիտանիայում Բիրմինգհեմ քաղաքի մերձակայքում տեղակայված մզկիթներում պայթյունների կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Միացյալ Թագավորության ՆԳՆ ներկայացուցիչը, նրանք ուկրաինացիներ են:

Անգլիայում վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր մզկիթների մոտ մի շարք պայթյուններ են որոտացել: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն` հանցագործությունները «ռասայական բնույթ» են կրում: Դրանց հիմքում կարող է լինել թագավորական զորքերի զինվոր Լի Ռիգբիի սպանությունը: Վերջինիս սպանել էին լոնդոնցի իսլամիստները:

Մասնավորապես, հուլիսի 12-ին մի պայթյուն որոտացել է Միդդլթոն քաղաքի մզկիթի մոտ: Ուոլսոլլ քաղաքում մզկիթի մոտ հունիսի 21-ի գիշերը պայթեցվել է ինքնագործ պայթուցիկ սարք: Հունիսի 5-ին Լոնդոնի հյուսիսում այրվել է մզկիթ եւ մահմեդական մշակութային կենտրոն: Այդ շրջանում շատ են սոմալիացիները: