Շատ կարեւոր կլիներ, եթե Հայաստանի ԱԺ ներկայացուցիչը մասնակցեր ԵՄ-Հայաստան բանակցային գործընթացին եւ տեղյակ լիներ՝ ինչ ուղղությամբ են ընթանում այդ գործընթացները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ինա Յանկուլովայի եւ քաղաքական հարցերով խորհրդատու Անդրեյ Դիդենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշել է, որ Իլմարս Սոլիմսը ԱԺ-ում խորհրդատուի այդ պաշտոնը ստանձնում է այնպիսի կարեւոր փուլում, երբ Հայաստանը պատրաստվում է Վիլնյուսյան գագաթաժողովին եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ նոյեմբերին նախաստորագրումից հետո ծանրության կենտրոնը տեղափոխվելու է խորհրդարան, եւ Եվրամիության հետ օրենսդրության մոտարկման ողջ գործընթացը իրականանալու է խորհրդարանում: Նա նշել է, որ իր համար, այդուհանդերձ, որոշ անհասկանալի հարցեր կան. ինչու խորհրդարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում բանակցային գործընթացին այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ կիրարկման փուլ անցած այլ երկրներում խորհրդարանի ներկայացուցիչը մասնակցել է Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանն այդ գործընթացում կարեւորել է նաեւ հանրային իրազեկությունը եւ հույս հայտնել, որ Հայաստանում ԵՄ գրասենյակը խորհրդարանի հետ համատեղ աշխատանքում կփորձեն հանրությանը տեղեկացնել՝ Հայաստանին ինչ են տալու Ասոցացման, այնուհետ նաեւ Ազատ եւ համապարփակ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Հայաստանի ամենաարդյունավետ գերակայությունը եվրոպական ընտանիքին քաղաքական ասոցացումն ու տնտեսապես ինտեգրումն է:




























