Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրճատում է Ելիսեյան պալատի ծախսերը: Վարկանիշի համար պայքարում Օլանդը դիմել է ամենահուսալի զենքին` սեփական համեստությանը: Նախորդ տարի Օլանդը Ելիսեյան պալատի ծախսերը նվազեցրել էր 6 մլն եվրոյով:
Սոցիալիստ նախագահի օրոք նախագահական ավտոտնակի 115 ավտոմեքենայից մնացել է 98-ը: 13 լիմուզինները, որոնք մեծ քանակությամբ բենզին են ծախսում, փոխարինվել են փոքրիկ ավտոմեքենաներով: Նա խոստացել էր, որ էքստրավագանտ Սարկոզիից հետո համեստորեն է նախագահելու եւ առայժմ պահում է խոստումը:
Ելիսեյան պալատում ավելի համեստ են դարձել անգամ ամանորյա եղեւնիները: Այսպես` եթե նախորդ տարի ամանորյա եղեւնին արժեցել է 310 հազար եվրո, ապա այս տարի այն գրեթե կրկնակի էժան է եղել` 170 հազար եվրո:
Եթե Նիկոլյա Սարկոզին գերադասում էր թռչել Airbus A330-200-ով, ապա Օլլանդի նախընտրությունը այս դեպքում եւս այլ է` Falcon FX:
Չնայած գործազրկության դեմ պայքարելու խոստմանը` Օլանդն այն ավելի է մեծացնում: Եթե 2007թ Ելիսեյան պալատում աշխատում էր 1051 մարդ, ապա նախորդ տարի նրանց թիվը կազմել է 858:





























