Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկին խնդրել է կոռեկտության կոչ անել Ռուսաստանին՝ նշելով, որ վրացական սահմանին ռուսաստանցի զինվորականների գործողությունները մտահոգություն են առաջացնում:

Վրացական կողմը բազմիցս վրդովմունք է հայտնել Հարավային Օսիայի սահմանին փշալար ձգելու կապակցությամբ: Պաշտոնական Թբիլիսին  պնդում է, որ դա Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում է եւ խանգարում է քաղաքացիների տեղափոխությանը:

«Վրաստանն իրեն պարտավորված է զգում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ որոշակի հաջող քայլեր արել է այդ ուղղությամբ: Միաժամանակ մտահոգություն է առաջացնում, որ տներից հանում են մեր քաղաքացիներին եւ մշտապես առաջ մղում այսպես կոչված սահմանները»,- ասել է նա:

Իվանիշվիլին նաեւ շնորհակալություն է հայտնել Տուսկին՝ Վրաստանին աջակցելու համար: