Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում՝ հային պատկանող լվացքատնից գողը գողացել է 100 դոլարի մետաղադրամներ եւ վնասել լվացքի մի քանի մեքենաներ: Այդ մասին գրում է Glendale News-Press-ը: Տեսադիտման խցիկների կադրերում երեւում է, թե ինչպես է գողը լվացքատանը մոտենում BMW մակնիշի մեքենայով եւ ներս մտնում: Նա այնտեղ մնացել է մոտ կես ժամ՝ բացելով մի քանի արկղեր: Կոպեկները նա լցրել է իր գրպանը:

«Ցավալի է, որ ինչ-որ մեկը այդպես վնասել է մեր ունեցվածքն ու ներգրավվել հանցավոր գործունեության մեջ, որ պարզապես մի քանի դոլար գողանա: հուսով եմ՝ կհաջողվի գտնել նրան եւ վերջ դնել անիմաստ հանցագործություններին»,- ասել է լվացքատան տերը՝ Դան Խաչատրյանը:

Ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցի խոսքով, վերջերս գողացել էին նաեւ Գլենդելի բնակելի տներից մեկի ավտոմատի կոպեկները: Դետեկտիվները հետաքննելու են երկու դեպքերը՝ պարզելու դրանց միջեւ հնարավոր կապը: