ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Սամանթա Փաուերը ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման լսումների ընթացքում հայտարարել է, որ «փաստերը պետք է հանգեցնեն» ցեղասպանության վերլուծությանը, հայտնում է «Asbarez»-ը։
Տվյալ հայտարարությունը նա հնչեցրել է ի պատասխան տվյալ հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցի, որը ցանկանում էր պարզել Փաուերի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ նա անցյալում հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպանությամբ։
Նշենք, որ Փաուերը կարեւոր դերակատարում էր ունեցել սենատոր Օբամայի կողմից 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության եւ հայերի խնդիրների մասին լուրջ հայտարարությունների հնչեցման գործում։ Սակայն Օբամայի աշխատակազմի նման, նա էլ չէր կատարել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու իր խոստումը։
Մենենդեսը հարցրել է. «Արդյոք ցեղասպանությունը ցեղասպանությո՞ւն է, երբ դիտարկված բոլոր փաստերը բերում են այն եզրահանգմանը, որ տեղի է ունեցել ցեղասպանություն կամ այն այդպես է որակվում միայն այն ժամանակ, երբ ձեռնտու է այն ցեղասպանություն ճանաչելը»։ Ի պատասխան Փաուերը նշել է. «Առաջին տարբերակը։ Փաստերը պետք է վերլուծության հանգեցնեն»։
«Իսկ եթե փաստերը պետք է վերլուծության հանգեցնեն չպե՞տք է մենք այդ գործողությունները՝ լինեն պատմական, թե, Աստված չանի, արդիական, իսկապես ցեղասպանություն անվանենք», – հարցրել է Մենենդեսը։ «Կարծում եմ՝ այո»,– ասել է Փաուերը։ «Մարդու իրավունքների խախտումը խախտում համարելը կախվա՞ծ է նրանից, թե որտեղ է տեղի ունենում, թե՞ դա համընդհանուր երեւույթ է» , – հարցրել է սենատորը, ինչին Փաուերը պատասխանել է. «Համընդհանուր է»։
«Կարծում եմ, հասկանում եք, թե ինչու եմ այս հարցերն ուղղում։ Ես հուսով եմ, որ Ձեր անցյալի գործունեությունը այս ուղղությամբ, նույնիսկ Ձեր նոր դերի համատեքստում, չի նվազեցնի Ձեր եռանդը, եւ կազմակերպության ներսում Դուք համոզիչ փաստարկներ կներկայացնեք այն մասին, թե ինչու է պետք ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել, երբ պատմական փաստերը դրա մասին են վկայում»,– ասել է Մենենդեսը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Փաուերի սկզբունքային դիրքորոշումը»։
Հիշեցնենք, Սամանտա Փաուերը Պուլիտցերովյան մրցանակ էր ստացել ցեղասպանության մասին իր «Խնդիր դժոխքից» գրքի (2002թ.) համար, որում դիտարկվում էր ԱՄՆ-ի ներքին քաղաքականության արձագանքը ցեղասպանությանը։
Գրքում հաստատվում է, որ Հայաստանում, նացիստական Գերմանիայում, Կամբոջայում եւ Ռուանդայում ցեղասպանությունները տեղի են ունեցել նրա համար, որ պետական իշխանությունները աչք են փակել, իսկ առանձին անձինք որոշել են չմիջամտել։ Փաուերը գրել է. «Ամենատարածված պատասխանն է. «Մենք չգիտեինք։ Դա սուտ է»։




























