ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը (ԱՄՆ Հելսնիկյան հանձնաժողով) լսումներ է գումարել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցով, որոնց ընթացքում ամերիկյան պաշտոնյաներն ու ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները քննադատություն են հնչեցրել, իսկ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները փորձել են պաշտպանվել: Ինչպես գրում է «Asbarez»-ը, լսումներին մասնակցել է նաեւ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ստաժոր Քնարիկ Գասպարյանը:

Ամերիկացի պաշտոնյաներն ու ադրբեջանական ընդդիմությունը քննադատել են կառավարության հակաժողովրդավարական քաղաքականությունն ու դեպի ավտորիտարիզմ կայուն անցումը, նաեւ մտահոգություն են հայտնել առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Պետքարտուղարության ավագ խորհրդական, դոկտոր Փոլ Քարտերը, խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների մասին, ելույթի սկզբում նշել է, որ լսումները վերաբերվելու են ոչ թե ղարաբաղյան հակամարտությանը, այլ մարդու իրավունքներին Ադրբեջանում: Քարտերը հիշեցրել է լրագրողներին եւ խաղաղ քաղաքացիական ակտիվիստներին հետապնդելու, հավաքների, ինտերնետի եւ ԶԼՄ-ների սահմանափակումների, մասին: