ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին չորս ամսվա մաքոքային դիվանագիտությունից եւ Մերձավոր Արեւելք կատարված վեց տեւական այցերից հետո հայտարարել է իր մաքոքային դիվանագիտական առաքելության հաջողության մասին։
Հաջորդ շաբաթ Պաղեստինի եւ Իսրայելի ներկայացուցիչներրը կհանդիպեն Վաշինգ2ոնում՝ մնացած տարաձայնությունները հարթելու համար։
«Մենք համաձայնության ենք հասել, որը հիմք է ստեղծում պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ ուղղակի բանակցությունները վերսկսելու համար։ Համաձայնագիրը դեռ լրամշակման կարիք ունի», - ասել է Քերրին՝ հուլիսի 19-ի երեկոյան ելույթ ունենալով Հորդանանի մայրաքաղաք Ամանում։
Արեւմտյան ափին Քերրին հուլիսի 19-ին շաբաթվա մեջ երրորդ հանդիպումն է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Պետքարտուղարին ուղեկցող լրագրողները հայտնել են, որ Ռամալլահ այցից առաջ Քերրին չորս ժամ հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ եւ երկու անգամ հանդիպել պաղեստինյան գլխավոր բանակցող Սայիբ Օրեյկատին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իսրայելն ու Պաղեստինը նույնպես հաստատել են մաքոքային դիվանագիտության հաջողությունը։ Աբասի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան ասել է, որ արդյունք ապահովել է Քերրիի հանդիպումը Ռամալլահում, բայց ընդգծել է, որ բանակցությունների վերսկսման համար կողմերը պետք է առանձին հարցեր համաձայնեցնեն։




























