Լոնդոնում, 60 տարեկան հասակում մահացել է հայտնի բրիտանացի կատակերգակ դերասան եւ ռեժիսոր Մել Սմիթը, հաղորդում է Mirror-ը:

Ինչպես հայտնել են Լոնդոնի շտապօգնության ծառայության մամուլի կենտրոնից, հուլիսի 19-ի առավոտյան իրենք զանգ են ստացել Գրոուվ Էնդ Ռոուդ փողոցի հասցեից, սակայն բժիշկները չեն հասցրել փրկել դերասանին, որը մահացել է քնի մեջ, սրտի տագնապից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա մահվան առթիվ ափսոսանքի խոսքեր են ասել գրող եւ դերասան Սթիվեն Ֆրայը, գրողներ Իրվին Ուելշը եւ Քեթի Լեթը:

Սմիթը հայտնի է կատակերգական սերիալներից, որոնցից են «Վիրտուոզները», «Միս Մարփլը», «Պարեր սահմանագծին»: Նրա ռեժիսորությամբ են նկարահանվել «Միսթեր Բինը» եւ «Սպանություն ռադիոյում» ֆիլմերը: