Վրաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում ավարտել են խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Վրաստան-Եվրամիություն պաշտոնական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ մարտին Թբիլիսիում: Բանակցություններն ավարտելու համար պահանջվել է 7 փուլ:

«Սպասվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրոպայից եկող ուղիղ ներդրումների հոսքը կավելանա»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է Newsgeorgia.ru-ն:

Ընդ որում ընդգծվում է, որ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի «Վրաստանում եւ ԵՄ-ում համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտից հետո»:

Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը Վրաստանի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի բաղադրիչ է, որն էլ իր հերթին ներառված է «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունում: