Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմածնոտային ծառայության ղեկավար, գլխավոր դիմածնոտային վիրաբույժ Վարդան Հովակիմյանը:
Նա նշեց, որ հեռացրել են պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը եւ այժմ լուրջ, դրական փոփոխություններ ունեն: Բժիշկը հույս ունի, որ Գուժ Մանուկյանը շուտափույթ ոտքի կկանգնի: «Սրացում գնաց, դեղորայքային բուժումը քիչ էր, ոչ բավարար էր, այլեւս չէր օգնում, մի փոքր բացասականություն գնաց, վիրահատեցինք, հիմա արդեն լավ է»,- ասաց բժիշկը:
Նա հավելեց, որ Գուժ Մանուկյանը գտնվում է հիվանդասենյակում, զրուցում է, ամեն ինչ լավ է, եթե բարդություններ չլինեն, ապա 4-5 օրից նրան դուրս կգրեն հիվանդանոցից;
Գուժ Մանուկյանի դուստրը` Լիլիթը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ փոքր միջամտություն է եղել պարանոցի շրջանում, հոր վիճակը բժիշկները գնահատում են դրական, ամեն ինչ նորմալ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կան կոկորդի հատվածում, հետազոտություններ է անցել: Մեր տեղեկություններով` Գուժ Մանուկյանին են այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:





























