Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը կարճ ժամանակում հաջողության հասավ, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում այն կունենա հետագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիաների քաղաքական երանգավորում ձեռք բերելու հեռանկարներին:

Նրա խոսքով՝ առաջին պահանջը՝ ուղեվարձը թողնել հինը, շատ հասանելի եւ հասկանալի էր քաղաքացիների համար: «Գաղտնիք չէ, որ դժգոհությունը պայմանավորված է ոչ միայն 50 դրամով, այլ շատ ավելի խորը բնույթ ունի: Եթե շարժումը կարողանա համախմբել գործընթացի մեջ մտած նոր շերտերի, ապա այն կարող է ապագա ունենալ»,-ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ շարժման մարելու դեպքում՝ մենք կրկին կվերադառնանք այն փուլին, երբ դեռ այդ շարժումը չկար:

Քաղաքական ուժերը, ըստ Բոզոյանի, պետք է համապատասխան եզրակացություններ անեն: «Նրանք պետք է անցյալում թողնեն ստանդարտ ձեւակերպումները եւ խնդիրներին առարկայական լուծումներ տալու համար մարդկանց հետ խոսել մարդկային լեզվով»,-ընդգծեց նա: