Հայաստանը երբեք չի կարող ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, քանի որ կախված է Վրաստանից, եւ Ռուսաստանը հստակ գիտակցում է հայկական կողմի այս դիրքորոշումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ, Ռազմական տեսության կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։
Փորձագետի կարծիքով, այս իրադրությունը ոչ մի կերպ չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Հայաստանը ապացուցել է, որ Կովկասում հանդիսանում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը։ Ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Հայաստանի համար ներկա դրությամբ կնշանակի հրաժարվել այն իրադրությունից, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի նախագահը միակն է, Նազարբաեւից բացի, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի հետ»,-ասել է Ցիգանոկը։ Ըստ փորձագետի, այն փաստը, որ համատեղ հակաօդային պաշտպանության խմբավորումը գտնվում է Հայաստանի տարածքում, Ռուսաստանի համար շատ կարեւոր է։ «Ռուսաստանի համար այսօր հրթիռային հարձակման վտանգը հարավից բավականին իրական է։ Հարավից կարող են սպառնալ Իրանը, Պակիստանը եւ նույնիսկ Չինաստանը»։
«Ինչպես կարելի է ազդել Կովկասում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերջերս Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված „գազային“ պայմանագրի առկայությամբ» հարցին, Ցիգանոկը պատասխանել է, որ նման պայմանագիրը «բավական փոքր է, որպեսզի Ռուսաստանը թույլ տա իրեն որեւէ բան լուծել, իսկ գազի գնման փորձերը ուղղված են Nabucco-ի հետագա հնարավոր մատակարարումների նվազմանը»։




























