Թուրքիայում 59 լրագրողներ հեռացվել են աշխատանքից կամ ստիպված եղել հեռանալ աշխատանքից` 2013թ հունիսին համազգային բողոքի ակիցները լուսաբանելու ընթացքում կառավարության հասցեին հնչեցրած քննադատության համար, փոխանցում է AFP-ն:
Թուրքիայի լրագրողների միության կարծիքով, այդ լրագրողները տուժել են կառավարությանը քննադատելու համար, ինչը վկայում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը չաջակցելու մասին:
Հունիսին Լրագրողների միջազգային ֆեդերացիան քննադատել է թուրքական իշխանություններին` լրագրողների նկատմամբ «ոչ համարժեք ուժ կիրառելու համար». Ոստիկանությունը նրանց ցուցարարների հետ մեկտեղ ցրել է արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, ինչ ակցիայի մասնակիցները փորձել էին թույլ չտալ Գեզի պուրակի ծառահատումը: Իշխանությունները փոխզիջման չէին գնացել, ինչից հետո ցույցերը քաղաքական բնույթ էին ստացել` տարածվելով ամբողջ երկրում: Ցուցարարները պահանջել են Էրդողանի հրաժարականը:





























