Թունիսի ռազմական ուժերը փշալարերով շրջափակել են մայրաքաղաքի գլխավոր հրապարակը եւ այն հայտարարել «պատերազմական փակ գոտի»:
Այդ քայլը կառավարության եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ բախումների արձագանքն էր, որը սկսվել էր կես տարվա ընթացքում արդեն երկրորդ ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունից հետո:
Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին հինգշաբթի` Թունիսի ընդդիմության առաջնորդներից Մւոհամեդ Բրահմիի սպանությունից հետո: Հարազատները նրա սպանության մեջ մեղադրել էին իսլամիստական իշխող «Ան Նահդա» կուսակցությանը, որին քննադատում էր Բրահմին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմադիրն սպանվել էր նույն զենքից, որից որ Թունիսի ձախ հոսանքի քաղաքական գործիչ Շոքրի Բելայիդը: Բելայիդի սպանությունը փետրվարին բողոքի զանգվածային ցույցեր էր առաջացրել Թունիսում եւ հանգեցրել վարչապետ Համադի Ջեբալիի հրաժարականին:
Իշխանությունները երկու սպանություններում էլ մեղադրում են ծայրահեղական իսլամիստներին:





























