Ստավրոպոլի երկրամասում շարունակվում է Լիսոգորսկայա գյուղի Պոդգորնայա փողոցի վրա տեղի ունեցած սպանության հետաքննությունը: Այնտեղ շաբաթ օրը գիշերը սեփական տանը սպանվել են ծագումով հայ գործարարի երեխաները, կինը` վիրավորվել է: Ինչպես քննիչներն են պարզել, հանցագործը տանիքից տուն է մտել 1:00- սահմաններում:

Զինված հանցագործը ներխուժել է տուն եւ երկու նպատակային կրակոց է իրականացրել 1997թ ծնված տղայի եւ 2002թ ծնված աղջկա ուղղությամբ: Աղջիկը մահացել է տեղում, տղան` վերակենդանացման բաժանմունքում: Աղմուկից արթնացել է մայրը` Թամարան, երեխաների մայրը: Գիտակցելով, որ սխալվել է, մարդասպանը կրակել է կնոջ գլխին ու հեռացել: Սակայն նա վրիպել է, եւ գնդակը դիպել է Թամարայի ծնոտին` մնալով ատամի մեջ: Հենց դրա շնորհիվ էլ կինը ողջ է մնացել:

Հանցագործությունն իրականացնելուց հետո չարագործը փախուստի է դիմել:

«Մոսկսվսկի կոմսոմոլեցի» տվյալներով` ընտանիքի հայրը` Խաչիկ Ղազարյանը բացի խոշոր եղջերավոր անասուններ բուծելուց, խանութ ունի նաեւ Վերխնյայա փողոցում:

Երբ մարդասպանը տուն է մտել, Խաչիկ Ղազարյանը լոգասենյակում է եղել: Նա միանգամից պատուհանից դուրս է եկել, ինչի շնորհիվ էլ ողջ է մնացել, մինչդեռ տանը սպանում էին նրա երեխաներին:

 «Քննությունը դիտարկում է մի քանի վարկածներ, որոնցից գլխավորը` տանտիրոջ առեւտրային գործունեության հետ կապված սպանությունն է, նաեւ անձնական վատ հարաբերությունների պատճառով կատարված սպանությունը»,- հայտնել է Քննչական կոմիտեն, փոխանցում է Lifenews-ը:

Խաչատուր Ղազարյանի խոսքով, իրեն եւս կասկածյալ են համարում, եւ փորձագետները նրա մաշկից նմուշներ են վերցրել` փորձաքննություն անցկացնելու համար:

Հավելենք, որ ավելի վաղ ծնողներն արդեն կորցրել էին եւս մեկ երեխայի` հրդեհի ժամանակ: Գործը հետաքննում է անձամբ երկրամասի դատախազը` Յուրի Տուրիգինը: