Երեւանի քաղաքապետարանը մեկնաբանություն չունի «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: «Մեզ չեն դիմել,  չէ՞: Ում դիմել են թող իրենք էլ ներկայացնեն»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը:

Դիտարկմանը, թե իրենց ղեկավարի վերաբերյալ է դիմումը, Գեւորգյանը արձագանքեց. «Էական չէ, թե ում մասով է: Ցանկացած դեպքում ում դիմել են, հասցեատիրոջը պետք է դիմել: Ես չգիտեմ՝ մենք ի՞նչ պետք է տանք, եթե մարդը դիմել է կոնկրետ պահանջով, որպեսզի նա վերլուծի եւ կներկայացնի»:

Վարչության պետը նաեւ չմեկնաբանեց մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե թիվ 5 եւ 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է Տարոն Մարգարյանին եւ նրա  աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: «Որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ կա ՍՊԸ, որը սպասարկում է եւ ես տեղեկացված չեմ՝ այդ ՍՊԸ-ն ինչ առնչություն ունի կամ ընդհանրապես որեւէ առնչություն ունի, թե չունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ»,- ավելացրեց Արթուր Գեւորգյանը: Հիշեցենք, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»: «Նույն դիմումի երկրորդ խնդրանքն է պարզել՝ «Ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները»: