Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի 130 մասնակիցների համար Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 29-ին, Սփյուռքի նախարարությունում «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման արարողության ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը. «Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը եւ անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»: 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ներկաներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ շնորհավորանքները, միաժամանակ խորին շնորհակալություն է հայտնել հյուրընկալ ընտանիքներին՝ մասնավորապես  Երեւանի Աջափնյակ, Շենգավիթ, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններին, Արարատի մարզի Արտաշատ համայնքին՝ ծրագրի մասնակիցներին այս փուլում ընդունելու համար:

Ելույթներով հանդես են եկել Ուկրաինայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները:

Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է շուրջ 130 պատանի եւ աղջիկ Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Անգլիայից, Լիբանանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի եւ ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ: