Հաշմանդամների համար պետք է սահմանվի վճարովի հաստիք` որպես աշխատատեղ, ինչը համաձայն «Հաշմանդամների աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի ենթադրում է պատրոնաժի հաստիք, որը սակայն հաշմանդամին չի ապահովում ընտրության հնարավորություն անհրաժեշտության դեպքում, որպես այդպիսին ընտրել ընտանիքի անդամին եւ մատուցվող ծառայության ձեւաչափն ըստ իր անձնական կարիքի: Այս մասին նշվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, քրեակատարողական հիմնարկների, ԵՊՀ սոցիալական ծառայության ամբիոնի, Հանրային ցանցի անդամ եւ գործընկեր սոցիալական հարցերով զբաղվող ՔՀԿ-ների 60-ից ավել ներկայացուցիչներ:
Ըստ այդմ, նշվել է, որ պատրոնաժ անվանումը նվաստացնում է հաշմանդամին, որը տվյալ դեպքում գործատու է հանդիսանում եւ ինքը պետք է սահմանի թէ ինչ մասնագիտական պահանջ է ներկայացնելու իր օգնականին:
Քննարկման ընթացքում բարձրացված հիմնախնդիրների շարքում են եղել նաեւ հետեւյալ խնդիրները.
1. Հաշմանդամներին բժշկական եւ այլ անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման, սոցիալական ծառայությունների մատուցման Մեկ պատուհանի սպասարկման համակարգի հստակ մեխանիզմների ձեւավորման սահմանումը;
2. ծառայությունների մասնագիտացման բարելավման եւ երկրում իրական սոցիալական աշխատանքի ծառայությունների համակարգի հիմնման նպատակով օրենքում սոցիալական աշխատանքի սահմանումն ու հստակ գործառույթները ամրագրումը` իրավունքների ու պարտականությունների շրջանակը համակարգի տարբեր մակարդակում: Մինչդեռ նախագծում ներառված է սոցիալական աշխատանքի տեխնիկական նկարագիրը, որը պետք է սահմանվի պաշտոնների անձնագրվորման եւ բուհի կողմից մասնագիտական կրթական ծրագրերի շրջանակում, որն արդեն իսկ իրականացված եւ Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված է;
3. գործատուների կողմից հաշմանդամներին աշխատանքի տեղավորման քվոտավորման սահմանումը, որը պետք է իրականացնել` հաշվի առնելով աշխատունակ տարիքի քաղաքացիների, հաշմանդամների, պետական ծառայողների եւ մասնավոր գործատուների առկա աշխատատեղերի թվաքանակի համամասնությունը;
4. ազատազրկման վայրերից եւ հարկադիր բժշկական հաստատություններից վերադարձած անձանց սոցիալական աջակցության շահառու` խոցելի խումբ չճանաչելը եւ աջակցություն ցուցաբերելը;
5. ոլորտը կարգավորող օրենքների եւ օրենքի նախագծում տրված սահմանումների եւ օգտագործված տերմինների անհամապատասխանությունը;
6. ինտեգրացված սոցիալական համակարգի ներդրման շրջանակներում լիազոր
մարմնի համապատասխան վարչությունների, գերատեսչությունների, տարածքային, մարզային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների գործառույթների, նրանց միջեւ փոխգործակցության մեխանիզմների անհստակությունը;
7. քննարկման ընթացքում բարձրաձայնված հիմնախնդիրների վերաբերյալ նախարարության պաշտոնական պատասխան ներկայացնելու անհրաժեշտությունը:





























