Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է լքել պաշտոնը մինչեւ Նոր տարի եւ տեղափոխվել ոչ կառավարական սեկտոր, հայտնում է EUobserver կայքը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարին:

Նախօրեին հրապարակված հարցազրույցը նկարահանվել է Իվանիշվիլիի Ուռեկիում գտնվող ամառային նստավայրում:

«Նա (Իվանիշվիլին) ասել է, որ վարչապետի պաշտոնը լքելու է «մինչեւ Նոր տարի»՝ ոչ կառավարական սեկտորում աշխատելու եւ իր գլխավոր ծրագիրն իրագործելու նպատակով: Ծրագիրն էլ Վրաստանն էլիտար կոռուպցիայից մաքրելն է, լավ դպրոցներ, հիվանդանոցներ եւ ճանապարհներ ստեղծելը, ինչպես նաեւ արտասահմանյան ներդրողներին եւ զբոսաշրջիկներին ներգրավելը», - գրում է EUobserver-ը:

Վրաստանի վարչապետը հունիսին էստոնական Postimees հրատարակչությանը տված հարցազրույցում նույնպես հայտնել էր քաղաքական կյանքից հեռանալու իր մտադրության մասին նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 27-ին: Դրանից հետո նա պարզաբանել էր, որ երկրի կառավարությունն իր կարիքը չի ունենա, սակայն ինքը կհեռանա քաղաքականությունից, երբ  դա անհրաժեշտ լինի վրաց ժողովրդին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նախկինում վարչապետը բազմիցս հայտնել էր, որ մտադիր է շուտով լքել քաղաքականությունը: 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով իշխանության էր եկել «Վրացական երազանք» դաշինքը, վարչապետի պաշտոնում հաստատված Իվանիշվիլին հայտնել էր, որ  քաղաքականությունից հեռանալու է մեկ, առավելագույնը՝ երկու տարի անց: Սակայն նա բազմիցս փոխել էր իր որոշումը: