Անհրաժեշտ է խոշորացնել գյուղացիական տնտեսությունները, կոոպերացիա եւ ասոցիացիաներ ստեղծել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական ներկայացուցիչ Բրենդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, հիմանական ցուցանիշները եւ ապագայի ռազմավարական ուղղությունները՝ կարեւորելով ՄԱԿ-ի ընտանիքում ներառված բոլոր կառույցների հետ փոխգործակցության արդյունավետությունը:

Բրենդլի Բուզետտոն իր հերթին նշել է, որ ինքը 2012-2013 թթ. ղեկավարել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ ) եւ իրեն հետաքրքիր են Հայաստանի կառավարության այս նորարարական մոտեցումները: Նախարարը որպես առաջնահերթություն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին եւ հույս հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իր նպաստը կարող է բերել այս նախաձեռնությանը եւս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական պատասխանատուն, անդրադառնալով իրականացված ծրագրերին, նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի գիտական եւ մարդկային մեծ ներուժ, եւ առաջիկայում կառույցը ջանալու է համագործակցության առավել ընդգրկուն ծրագրեր իրականացնել ոլորտում՝ մասնավորապես համայնքների տեղեկատվական շտեմարանների թարմացման, գյուղատնտեսության փորձնական եւ համատարած հաշվառման, ջերմատնային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաեւ վերապատրաստման ծրագրերի ուղղությամբ, որոնց հիմանական նպատակն է գյուղական բնակչության աղքատության կրճատումը եւ եկամուտների ավելացումը։