Անթույլատրելի է համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում նշել է ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով Սեւանի քաղաքապետարանում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ  պարտքերին:

Նա նշել է, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը`  հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից  մարվել եւ  հուլիսի 15-ի դրությամբ  մնացել է ընդամենը  57  մլն  720  հազար  դրամ պարտք:

Նիստի  ընթացքում ներկայացվել են նաեւ  2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի եւ  գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի եւ  գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաեւ  2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները: 

Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են  իրատեսական կազմվում համայնքների բյուջեները եւ  ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձեւավորվում: