Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում, «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել 26-ամյա Աշոտ Խաչատրյանի եւ 34-ամյա Մհեր Աբելյանի միջեւ, որի արդյունքում վերջինը ոտքի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի, ապա Երեւանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից:
Ըստ այդմ, 26-ամյա Աշոտ Խաչատրյանը վիճաբանությունից հետո իր վարած Mersedes S 600 մակնիշի ավտոմեքենայով բախվել է 34-ամյա Մհեր Աբելյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենային: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Հարկ է նկատել, որ Մհեր Աբելյանին ճանաչողները եւ նրա մասին լսողները ասում են, թե նա հաճախ է շահարկում, որ հորեղբոր տղան աշխատում է Չարենցավանի Ազգային անվտանգության ծառայությունում որպես բաժանմունքի պետ եւ փորձում է նրա անունը օգտագործելով հարցեր լուծել: Բացի այդ, Մհեր Աբելյանը երկու ամիս առաջ է կալանքից ազատվել, որտեղ պատիժ էր կրում խուլիգանության եւ գույքի դիտավորյալ ոչնչացման համար:
Ի դեպ, նրանց միջեւ վաղուց է ընդհարում եղել, քանի որ նախկին խնամիներ են:





























