Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, այսօր` հուլիսի 30-ին, ժամը 04:00-ի սահմաններում, որդու կողմից հարազատ մորը ծեծելով սպանելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ այսօր՝ հուլիսի 30-ի գիշերը, «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 77-ամյա Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել եւ վնասվածքը պատճառել է որդին` 37-ամյա Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ նրանց համագյուղացիները NEWS.am-ին հայտնել էին, որ մահացածին ծեծի է ենթարկել որդին` 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Նա ամուսնալուծված է եւ թուլություն ունի խմիչքի նկատմամբ:
Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ նա մորը ծեծելուց հետո փախուստի է դիմել եւ համագյուղացիներն ու ոստիկանները փնտրում են նրան: Մահացածն ունի նաեւ 2 աղջիկ ովքեր ամուսնացած են: « Տղան ընթացքում խմում էր, որի համար կինը երկու երեխաների հետ առանձին է ապրում: Մեկ-մեկ էլի է մորը ծեծել, բայ հարեւանները պատմում են, որ երբ քննիչները եկել են, մայրը թեւերը փռել է որդու վրա»,- պատմել է գյուղապետը՝ հավելելով, որ երբ տղան չի խմել օրը մինչեւ 20 հազար դրամ աշխատել է` գյուղում խոտ էին բարձում, իսկ երբ խմել է, մոր թոշակի հույսին է մնացել:





























