Այս օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում կասկածներ են հնչեցվում Վրաստանում կարմրուկի բռնկման առկայության վերաբերյալ: Նույն տրամաբանությամբ կարմրուկից զգուշանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հորդորներն ու խորհուրդները նրանց կողմից դիտվում են որպես մեր քաղաքացիներին հարեւան երկրում հանգստանալու մեկնելուց ետ պահելու նպատակային քայլ:

ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Վրաստանում եւ Հայաստանին հարեւան այլ երկրներում կարմրուկի բռնկման մասին վկայում են ինչպես այդ երկրների պաշտոնական աղբյուրները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները:

Շաբաթական վերլուծության համաձայն` Վրաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը կայունանում է:

Ըստ նույն աղբյուրի, հուլիսի 26-ի դրությամբ, Վրաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվը եղել է 6324, որից 3647-ն արձանագրվել է Թբիլիսիում: Դեպքերից 1803-ը հոսպիտալացվել են, մահվան ելքով գրանցվել է 2 դեպք` 11 ամսական եւ 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:

Վրաստանում եւ Հայաստանին հարեւան մյուս երկներում կարմրուկի համաճարակային իրավիճակի կապակցությամբ սույն թվականի հուլիսի 10-11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Կովկասում եւ Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման եւ հսկողության վերաբերյալ» Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առողջապահության նախարարությունների իմունականխարգելման հարցերով պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները եւ միջազգային կազմակերպությունների` Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, ՄԱԿ Մանկական հիմնադրամի, Ռոստրապովիչ-Վիշնեւսկայա հիմնադրամի ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակն էր կլոր սեղանի շուրջ քննարկել մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակը եւ բռնկումներին հակազդման միջոցառումները, ինչպես նաեւ հետագա անելիքները: Խորհրդակցությունը վարում էր ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրենը, ում կողմից բարձր գնահատվեցին Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի դեմ պայքարում ձեռք բերված նվաճումները եւ առաջարկվեց օգտագործել բռնկումների տեղայնացման եւ կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը:

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 19-ից հետո գրանցվել է կարմրուկի 9 դեպք` բոլորը բերովի: Հաստատվել է բոլոր դեպքերի համաճարակաբանական կապը Վրաստանի կարմրուկի բռնկման հետ:

Կարմրուկի Հայաստան ներբերման առաջին դեպքերը Վրաստանի 5 եւ 3 տարեկան չպատվաստված բնակիչներ են, որոնց հետ կապված եւս մեկ դեպք գրանցվել է 38 տարեկան ՀՀ քաղաքացու մոտ: ՀՀ տարածք ներկրված 3 դեպք վարակվել են Օդեսայում միջազգային խորհրդակցության ընթացքում կարմրուկով հիվանդ Վրաստանի քաղաքացու հետ շփման արդյունքում: Կարմրուկի բերովի դեպքի հաջորդ օջախը գրանցվել է Երեւանի Ուկրաինական համալսարանում, որտեղ վարակի աղբյուրը եղել է կարմրուկով հիվանդ Վրաստանի քաղաքացի, ում հետ համաճարակաբանորեն կապված գրանցվել է եւս մեկ դեպք: Վերջին 9-րդ դեպքը գրանցվել է Արմավիրի մարզում, որը եւս կապված է Վրաստանի հետ՝ հաստատվել է շփումը կակսածելի հիվանդի հետ, ով ժամանել է Վրաստանից՝ կրոնական նկատառումներով պատվաստումներից հրաժարվող խմբի կազմում:

Բոլոր դեպքերի եւ նրանց հետ շփվողների նկատմամբ իրականացվել է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված եւ չհիվանդացած անձանց շրջանում կատարվել են պատվաստումներ: Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել:

Ինչ վերաբերում է Վրաստանում ՀՀ քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպմանը, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով միմիայն մեր քաղաքացիների առողջության պահպանման գերխնդրով, դարձյալ խորհուրդ է տալիս մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ, քանի որ լավագույն միջոցը կանխարգելումն է:

ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման նպատակով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում շարունակվում է կամավոր եւ անվճար հիմունքներով կարմրուկի դեմ պատվաստումների իրականացումը: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին տեղեկացնում է, որ պետական սահմանի հսկիչ կետերի կողմից պատվաստումների վերաբերյալ որեւէ տեղեկանք չի պահանջվում: