«Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանության, ապա մեքենաների բախման հետեւանքով տուժած 34-ամյա Նվեր Աբելյանը հուլիսի 31-ի գիշերը թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հուլիսի 30-ին, ժամը 11:30-ի սահմաններում, «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել նախկին խնամիներ, 26-ամյա Աշոտ Խաչատրյանի եւ 34-ամյա Նվեր Աբելյանի միջեւ, որի արդյունքում վերջինը ոտքի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի, ապա Երեւանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Կոտայքի բաժնից: 26-ամյա Աշոտ Խաչատրյանը վիճաբանությունից հետո իր վարած Mersedes S 600 մակնիշի ավտոմեքենայով բախվել է 34-ամյա Նվեր Աբելյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենային: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:





























