Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ հուլիսի 30-31-ին գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, որը քննության է առել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես եւ Ֆրանսիայի Հայոց թեմում դրան առնչված զարգացումները:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե քննարկումից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամությունից եւ խնդրանք ներկայացրել Վեհափառին հաստատելու այն:
Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ ափսոսանք է հայտնել հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգեւոր խորհուրդն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի Հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաեւ թեմի հավատացյալներին եւ ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը եւ շինությանը:





























