Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է հեղուկի դինամիկայի դիսկրետ մոդելավորման 22-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են հյուրեր 17 երկրից: «Asbarez»-ը տեղեկացնում է, որ ողջ աշխարհից 60 գիտնական է ժամանել Հայաստան`համաժողովին մասնակցելու համար:
Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տվել ոչ միայն գաղափարներ փոխանակել, այլեւ տեսնել Հայաստանը: «Մասնակիցները եկել են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից, եւ նրանց հաճելի էր տեսնել Հայաստանն ու լսել առաջատար հայ գիտնականների ելույթները»,-ասել է համալսարանի նախագահ Բրյուս Բոգոսյանը:
Համաժողովն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում: «Այն հեղուկների համակարգչային մոդելավորման ամենամյա առաջատար միջազգային համաժողովներից է: Մոդելավորման այդ տեսակը շատ կարեւոր է մի շարք ոլորտների` օրինակ ավտոմոբիլաշինության, օդատիեզերական եւ նավաշինության համար, որտեղ օդի եւ ջրի հոսքերը կարեւոր դեր ունեն»,-ասել է Բոգոսյանը:





























