Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, հուլիսի 30-ին, հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Հովսեփի Մուրադյանը 3 ամիս հետո պետք է տուն վերադառնար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզ Ցամաքասար գյուղի գյուղապետ Գոռ Գրիգորյանը:
Գյուղապետը պատմեց, որ տղայի հայրը գյուղի իրենց տունն ու հողերը վաճառելուց հետո մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը մահացածի փոքր եղբոր հետ ապրում է Էջմիածնում՝ հարազատների տանը: Ավելին` ծնողներին դեռ չեն հայտնել Արմանի մահվան մասին լուրը:
Ռուսաստանում գտնվող հորն ասել են, որ ծառայության հետ կապված խնդիրներ կան եւ շտապ կանչել, իսկ մայրն ընդհանրապես չգիտի: «Ես եմ զանգել, ասել եմ՝ պետք է գաս տեսնենք ինչ անենք: Մեր ընկերները ճանապարհ են դրել գալիս է: Միայն հորեղբոր տղան դեռ գիտի, հիմա ասել ենք, որ տեսնեն ոնց են այդ լուրը հայտնելու»,- նշեց գյուղապետը:
Հարցին, թե ճանաչելով Արմանին ի՞նչ է կարծում, նա ինքնասպանության կգնա՞ր, գյուղապետը պատասխանեց. «Շատ խելոք ընտանիքի երեխա էր: Ինքը շատ խեղճ ծառայող էր, չէր համարվում: Մեր աչքի դեմը մեծացած երեխա էր, շատ խելոք, շնորհքով ընտանիք էր: Մի անգամ էլ դեպք եղավ, երբ ծառայությունից փախավ էլի հետ տարանք: Ծառայության հետ չէր հարմարվում: Սերժանտ էլ է եղել, թե ինչի պետք է այդպիսի քայլի գնար, չեմ հասկանում»,- պատմեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում հուլիսի 30-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:





























