«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու շուրջ վարչության նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե թեկնածու առաջադրել-չառաջադրելու, թե կոնկրետ թեկնածուի շուրջ:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ քննարկվել են «Ժառանգություն» կուսակցության գրեթե բոլոր հայտնի եւ ոչ հայտնի թեկնածուների անունները, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ իր անունները:
«Ում ճանաչում եք, բոլորի թեկնածություններն էլ քննարկվել են: Որոշ դեպքերում նաեւ ոչ հայտնիների անուններ է քննարկվել, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Սկզբունքային, երբ որոշենք, որ մասնակցում ենք, նոր կոնկրետ անունը կտանք: Այս պահին դեռ քննարկման հարց է՝ կմասնակցե՞նք, թե՝ ոչ»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի տեղը թափուր է մնացել, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո հուլիսի 11-ին Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում կայանալու են սեպտեմբերի 29-ին:





























