Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից վերջերս հրապարակված առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակում ուշադրության է արժանի մեկ փաստ:

Սակայն սկզբում նշենք, որ նախկինի պես ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդը»` նշված ժամանակահատվածում պետբյուջե վճարելով 19,4 մլրդ դրամ հարկ: Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է`  12,8 մլրդ դրամ ցուցանիշով, այնուհետեւ հաջորդում է «Ղ-Տելեկոմը»` 11,2 մլրդ դրամով, որը մեկ տարվա ընթացքում մեկ հորիզոնականով վեր է բարձրացել:

Այս երեք ընկերությունները միասին ապահովել են 1000  խոշորների կողմից վճարված ընդհանուր հարկերի 13,8%-ը:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը երրորդ հորիզոնականից  հայտնվել է հինգերորդում: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ նրան փոխարինելու է գալիս հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող հերթական ընկերությունը` «Սամ- Սեր գրուպը», սակայն  անգամ երկուսը միասին վերցված հարկերի ծավալով զիջում են «Ղ-Տելեկոմին»:

Ճիշտ նույնպիսի մետամորֆոզներ են նկատվում «City Petrol Group»-ի դեպքում. անցած տարվա առաջին կիսամյակում  այն զբաղեցնում էր  8-րդ տեղը, հիմա իջել է մինչեւ  37-րդը: Խնդիրը բիզնեսի վատացմանը չի վերաբերում, ամեն ինչ շատ պարզ է. նրան փոխարինել է 10-րդ տեղն զբաղեցնող «CPS Oil Corporation» նոր ընկերությունը:

Ավելի հետաքրքիր է այն, որ իրենց դիրքերը բարելավել են  երկրի առեւտրային բանկերը: Եթե անցած տարվա առաջին կիսամյակի տվյալներով առաջին երեսուն տեղերն զբողեցնող ընկերությունների թվում ընդամենը երեք բանկ կար, ապա հաշվետու կիսամյակում` վեց: Ընդհանուր առմամբ երկրի բոլոր առեւտրային բանկերը  պետբյուջե են վճարել ավելի քան 22,0 մլրդ դրամ` այդպիսով ապահովելով «խոշորների» ընդհանուր հարկերի  7%-ը:

Բանկերի թվում ռեկորդակիրը «ՎՏԲ-Հայաստանն» է, որն զբաղեցնում է 14-րդ տեղը` 2,9 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ այս բանկը  պայմանագիր էր կնքել Սոցիալական ապահովագրույթան պետական հիմնադրամի հետ`  կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին:

Առեւտրային բանկերի կողմից հաշվետու ժամանակահատվածում վճարված հարկերի ընդհանուր ծավալում առյուծի բաժինը` 93,2%, կազմում են ուղղակի հարկերը` եկամտահարկն ու շահութահարկը: Ինչպես հայտնի է, ամսական միջին անվանական աշխատավարձի մեծության առումով առաջատարը ֆինանսների ոլորտն է: Այս ժամանակահատվածում երկրի 21 առեւտրային բանկերից վնասով են աշխատել միայն երեքը:

Ամփոփելով նշենք, որ  Կենտրոնական բանկի տվյալներով երկրի առեւտրային բանկերի կանոնադրական կապիտալում արտասահմանյան մասնակցության ծավալն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 73,2% եւ, ըստ կանխատեսումների, այդ ցուցանիշը տեսանելի հեռանկարում դեռ կաճի:

Սմբատ Գրիգորյան