Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը դեռ չի մակագրել գյուղապետարանի 13 աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու դիմումը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթն ու հավելում. «Ըստ մեր ունեցած տեղեկության, Մուրադյանը սպասում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված եռօրյա ժամկետի լրանալուն:
Աշխատանքային օրենսգրքի 112.3 հոդվածի համաձայն, աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
Գյուղապետն էլ սպասում է՝ կարող է փոշմանող լինի: Արթուր Մուրադյանը մտադիր է ժամկետը լրանալուն պես ընդունել բոլոր 13 աշխատակիցների հրաժարականները, քանի որ նրանցից ոչ մեկն առայսօր իր դիմումը ետ չի վերցրել, եւ դա ամենայն հավանականությամբ կանի հենց այսօր, երբ լրանում է եռօրյա ժամկետը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























