NEWS.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երեւանի Մաշտոցի բաժնի պետ Արտակ Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հուլիսի 27-ին աշխատանքից ազատել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սերոբ Հարությունյանին: Նա աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե Սերոբ Հարությունյանի պաշտոնանկության պատճառը կարող է պայմանավորված լինել ուղեվարձի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակտիվիստներին ոստիկանություն տանելու հետ, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է՝ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությունը համարելով ոստիկանությունում ընթացող կադրային փոփոխությունների համատեքստում: «Որեւէ կապ չունի ակցիայի մի քանի մասնակիցներին ոստիկանություն տանելու հետ: Մեկ անգամ եւս նշենք, որ նրանցից մի քանիսի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմվել են օրենքով սահմանված կարգով, եւ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշել է նա:

Չնայած ոստիկանության հավաստիացումներին, Սերոբ Հարությունյանի պաշտոնանակությունը ուշագրավ է, քանի որ նա համարվում է Վլադիմիր Գասպարյանի կադրը եւ ոստիկանություն է տեղափոխվել Գասպարյանի ոստիականապետ նշանակվելուց հետո: Կարճ ժամանակահատվածում նրան վստահվել է մի քանի կարեւոր պաշտոններ: Նախ նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, այնուհետեւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետ, ապա Կենտրոնականի պետ, որը տեւել է ընդամենը ութ ամիս: Ըստ NEWS.am-ի աղբյուրների` Սերոբ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, շուտով համակարգում նոր պաշտոն կզբաղեցնի: