Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի՝ ավազակային հարձակման ենթարկված որդու գործով կասկածյալ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
«Համարյա գիտեն, թե ովքեր են, պարզապես հիմնավորել է պետք»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավորը: Վերջինս նշեց, որ կասկածյալները ծանոթ մարդիկ են, բայց գործը դեռ ապացուցման փուլում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, գիշերը 02.30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝ մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են: Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը եւ տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Բանն այն է, որ հարեւանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, եւ դիմակավորված անձինք փախել են: «Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասաց Արագած Ախոյանը: Նա շեշտել է, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով եւ այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն): Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, երբ տեղի էր ունեցել միջադեպը:





























