Բոլիվիայում անհայտ հիվանդությունը սպառնում է կոկայի մշակաբույսերին, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները: Տերեւներ հավաքողներն անհանգստացած են. հիվանդանում են կոկայի ցողունը եւ արմատները, որից հետո տերեւները դեղնում են եւ թափվում, իսկ բույսն աստիճանաբար չորանում է: Այս հիվանդության առաջին դեպքերը գրանցվել էին երեք ամիս առաջ` Չապարե շրջանում, որտեղ այդ մշակաբույսերը 7 հազար հա տարածք են զբաղեցնում:
Գյուղացիներն արդեն օգնության համար դիմել են Կոչաբամբա քաղաքի պետական համալսարան, սակայն կարող են նաեւ նախագահի օգնությունն ակնկալել: Էվո Մորալեսը ժամանակին զբաղվում էր կոկայի տերեւներ հավաքելով եւ մինչ այժմ գլխավորում է կոկա աճեցնողների արհմիություններից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ՄԱԿ-ի` 2011թ. Բոլիվիան ուներ 31 հազար հա կոկայի ցանքատարածք, սակայն դրանց միայն 12 հազար հա-ն ուներ օրինական ծագում: Բոլիվիան կոկայինի խոշոր մատակարարողողներից մեկն է սեւ շուկա` Պերուին եւ Կոլումբիային զուգահեռ: Երկրի իշխանությունները պայքարում են ապօրինի թմրաշրջանառության դեմ, սակայն Մորալեսը պաշտպանում է կոկան` որպես բույս: Ըստ նրա` կոկայի տերեւները թմրանյութ չեն եւ Անդերի մշակույթի մասն են կազմում:
Բոլիվիայում հնդկացիական բնակչության 62% - 67%-ը կոկայի տերեւներ են ծամում: Նախագահը նույնիսկ հատուկ տոն է սահմանել` Կոկայի տերեւներ ծամելու ազգային տոն, իսկ հետո վճռել, որ Բոլիվիան հրաժարվում է թմրանյութերի մասին ՄԱԿ-ի միասնական կոնվենցիայից:




























