Նախօրեին Բաքվում ռեկորդային թվով լրագրողներ են ձերբակալվել։ Տարբեր լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ ապօրինաբար ձերբակալվել են եւ տեղափոխվել Յասամալի շրջանի ոստիկանության բաժին՝ առանց որեւէ հիմնավորման։
Լրագրողները ժ. 18-ին հավաքվել էին մետրոյի «Նիզամի» կայարանի մոտ՝ լուսաբանելու ռադիոյի տեսաբան Հադիջա Իսմայիլովային զորակցողների ակցիան, որը իշխանությունների կողմից շանտաժի եւ վարկաբեկման էր ենթարկվել։
Սակայն ոստիկանությունը ոչ միայն ակցիայի մասնակիցներին է ձերբակալել, այլեւ այն լուսաբանելու եկածներին։
Մի քանի անգամ ճշտվել են բոլոր ձերբակալվածների տան հասցեները, հեռախոսահամարները, կուսակցական պատկանելությունը։ Այնուհետեւ ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստով անձինք նրանցից պահանջել են ջնջել կատարած բոլոր նկարահանումները եւ լուսանկարները։
Վերջում ոստիկանները լրագրողներին խորհուրդ են տվել «ապօրինի» ցույցերը չլուսաբանել։
Սակայն դառը փորձ ունեցող լրագրողները կարողացել են խաբել իրավապահներին եւ պահպանել տեսգրություններն ու լուսանկարները։
Turan-ի հետ զրույցում մեկնաբանելով ոստիկանների գործողությունները՝ Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին ասել է, որ լրատվամիջոցների մասին օրենքը արգելում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելը։ Այս պարագայում խախտվել է նաեւ հանրահավաքների ազատության մասին օրենքը։ Լուսանկարների եւ տեսագրությունների ոչնչացումը մտավոր սեփականության իրավունքի խախտում է։ «Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանություններն ընդունակ չեն պաշտպանելու անգամ լրագրողների իրավունքները, ուր մնաց թե՝ հասարակ քաղաքացիներինը», - հայտարարել է Ռաշիդ Հաջիլին։





























